02/11/2024 10:10
«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է Կոլումբիայում, խիստ կարևոր աշխատանք է կատարել, որի մասին նախագահականը հաղորդագրություն է տարածել. Հայաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ: Այսինքն, ոչ թե օտարերկրյա որևէ պաշտոնյայի, այլ հենց այն երկրի պաշտոնյաների հետ, որի նախագահն է ինքը։
Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել։ Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի։ Բայց Վահագն Խաչատուրյանի դեպքում միանգամայն հասկանալի է. այս մարդը նախարարների հետ շփվում է այնքանով, որքանով թույլատրված է։ Ուստի, նախարարների հետ նրա շփումները «տոն են, որ միշտ նրա հետ չեն», ու այնքան եզակի, բացառիկ իրադարձություն է սա, որ նախագահականը հատուկ հաղորդագրություն է տարածել։
Իսկ գիտե՞ք` ինչու է նա հեռախոսազրույց ունեցել Միրզոյանի ու Սիմիդյանի հետ. իհարկե` շնորհակալություն հայտնելու համար. «Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար»։ Սա էլ մեջբերում՝ նախագահականի հաղորդագրությունից։
Ու այս կառույցին հաջորդ տարվա բյուջեից հատկացվելու է 1.6 մլրդ դրամ, որի 97.5 տոկոսը՝ «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար»։