02/11/2024 09:55
«Ժողովուրդ». Կանաչ լույս է վառվել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` վերջին ակտիվի նիստը տևել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են:
4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար և, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար:
Թիմակիցների այս առճակատումը անակնկալի է բերել Անդրանիկ Քոչարյանին. նա գունատվել է, լուռ լսել, փորձել ինքնապաշտպանվել, բայց անօգուտ: Ներկաներից մեկը առաջարկել է Անդրանիկ Քոչարյանի հարցը դնել քվեարկության, որպեսզի հանգուցալուծում լինի, այլ ոչ թե խոսեն, գնան տուն:
Այնուհետև Հովիկ Աղազարյանին պատժելու հարցն է քննարկվել. թիմակիցները նրան մեղադրել են աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու, ԱԺ ամբիոնից իր որդու գործի մասին խոսելու, շահերի բախման և մանդատի անհամատեղելիության համար: Աղազարյանի համար էլ են անսպասելի եղել թիմակիցների հարձակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է մանկապատանեկան այս ներկայացումներից, բղավելով ամփոփել է օրը և հայտարարել, որ Աղազարյանի հարցով կզբաղվեն իրավապահները, իսկ Անդրանիկ Քոչարյանի հետագա պաշտոնավարման հարցը թողել է «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:
Արդյունքում` երկուշաբթի կհայտարարվի, թե երբ է կայանալու խմբակցության նիստը, որպեսզի Անդրանիկ Քոչարյանի մասով քվեարկություն կազմակերպեն: Այսինքն՝ կանաչ լույս է վառվել պաշտոնանկության համար:
Առաջարկ է լինելու ամեն գնով քվեարկությունը փակ կազմակերպելու, որ անկաշկանդ լինեն գործընկերները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը երեկվանից սկսել է համախոհներ որոնել, որ իր դեմ չքվեարկեն: Բայց ՔՊ-ականները բավականին վճռական են տրամադրված:
Անդրանիկ Քոչարյանը պառակտում է թիմը ներսից և պետք է հեռանա. ու երբ նրան պաշտոնանկ անեն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Քոչարյանը վայր կդնի պատգամավորական մանդատը»։