02/11/2024 21:42
Մանդատներից հրաժարվելու հարցը նիկոլական օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Խորհրդարանական ընդդիմության մանդատներից հրաժարվելու թեզերը առաջ բերող մարդիկ երեք խմբի են բաժանվում։ Մի խումբն ընդդիմության դաշտում Նիկոլի թեզերը սպասարկող, ըստ էության, նիկոլական ընդդիմադիրներն են, երկրորդ խումբն իրականում ընդդիմադիր մարդիկ են՝ փոքր ազդեցություն ունեցող գործիչներ, որոնք մանդատներից հրաժարվելու թեզը փորձում են դարձնել օրակարգ, խորհրդարանական ընդդիմությանը թիրախավորելն ընտրել են իբրև ճանապարհ՝ ընդդիմադիր դաշտում այսպես ասած արևի տակ տեղ ունենալու համար, որովհետև քանի մենք կանք, իրենք հանդես են գալու երրորդ, չորրորդ էշելոններում։ Երկրորդ խմբի ներկայացուցիչները նիկոլական գործիչներ չեն, բայց, ցավոք, իրենց այդ ռազմավարությամբ նիկոլական օրակարգ են սպասարկում։ Մանդատներից հրաժարվելու հարցը առաջ բերող հաջորդ խումբը իրապես ազնիվ մարդիկ են, որոնք մեզ հետ հույսեր են կապում, բայց և բավարարված չեն արդյունքներով, պահանջներ ունեն և ակնկալում են, որ իրենց պահանջներին շատ արագ պետք է լուծումներ տրվեն։
Մենք հենց վերջինների հետ պետք է անդադար խոսենք, բացատրենք, որ մանդատներից հրաժարվելու հարցը կեղծ օրակարգ է,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այն մարդիկ, որոնք մեզնից պահանջում են մանդատները վայր դնել, ընտրությանը չմասնակցել, ինչո՞ւ նախ Նիկոլ Փաշինյանից չեն պահանջում հրաժարական տալ և ընտրությանը չմասնակցել. եթե իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ապա ինչո՞ւ նախ Փաշինյանին պահանջներ չեն ներկայացնում։
Երևանի քաղաքապետի ընտրությանն այսօրվա խորհրդարանական ըմդդիմությունը չի մասնակցել․ նրանք, ովքեր մեզ թիրախավորում են՝ առաջին խմբի մարդիկ, այդ ընտրությանը զրոյին մոտ քվե են ստացել, իսկ երկրորդ խմբից գրեթե չեն մասնակցել՝ հասկանալով, որ իրենք էլ են զրո քվե ստանալու, և փաստն այն է, որ Երևանի քաղաքապետը ՔՊ ներկայացուցիչն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում