«Արարատ», «Ալաշկերտ» ու «Սյունիք» ֆուտբոլային ակումբներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
«ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։
Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասվում է «Արարատ» ակումբի տարածած հայտարարությունում:
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաև «Ալաշկերտ»-ը:
«Մենք՝ ՀՖՖ անդամներս, ցանկանում ենք անդրադառնալ այն իրադարձություններին, որոնք ներկայումս կատարվում են հայկական ֆուտբոլում:
ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք բոլորս սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:
Մեր խորին համոզմամբ, հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլ նաև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը:
Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն գտնում ենք, որ դրանց համար պատասխանատու է ոչ միայն և ոչ այնքան ֆեդերացիան, այլ նաև հենց նույն ակումբները, որոնք հավաքականներին պատշաճ քանակի և որակի ֆուտբոլիստներ մատակարարելու փոխարեն անդադար զբաղված են ֆեդերացիայի ղեկավարությանը և նրանց գործունեությանը որակումներ տալով:
Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասվում է հայտարարությունում:
Գրեթե նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել նաև «Սյունիք» ակումբը:
«ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում Սյունիք ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:
Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։
Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին
ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։
Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
Նշենք, որ ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Փյունիկ», «Ուրարտու» ու «Շիրակ» ակումբները, FAF-ը, Red Eagles-ը, Հայաստանի ազգային հավաքականի մեծաթիվ երկրպագուներ:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: