04/11/2024 12:25
Դատարանը մերժել է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքը վերսկսելու միջնորդությունը, իսկ ԱՆ-ի որևէ միջամտություն արգելված է. Սունդուկյան թատրոնի տնօրեն (Տեսանյութ)
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդում է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով արդարադատության նախարարության պարզաբանմանը։
«Մենք, ինչպես ասել ենք՝ որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ, նախկին «Գոյ»-ի աշխատակիցների առջև որևէ դուռ չի փակվելու, բայց դա պետք է հիմնավորի դատարանը»,-ասաց Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ «Գոյ» թատրոնի դերասանների անունից դատարան միջնորդություն է ներկայացվել՝ թատրոնի փաստացի գործունեության դադարեցումը ժամանակավոր փոխելու և մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը պարտավորեցնելու Սունդուկյան թատրոնին՝ «Գոյ»-ի տարածքը վերադաձնել՝ բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։
Ըստ նրա՝ դատարանը որոշել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։
«Խնդրում եմ ասեք, եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ»,-ասաց նա։
Նա նշեց, որ մինչև վերջին օրերը՝ դերասանների ներխուժումը թատրոն, իրենք պատրասատկամ են եղել բանակցել, առաջարկներ են եղել, որ նույնիսկ որպես անկախ թատրոն շարունակում են գործել և բոլոր տարվա շաբաթ կիրակիները տրամադրում են իրենց, որը ևս մերժել են։
«Առաջարկել եմ նաև համատեղ մշտական աշխատանք, բայց մշտապես ունեմ մերժում»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ նշվում է, որ Արդարադատության նախարարությունն իրավական պարզաբանում է տվել՝ արդյոք կարող են մտել և շարունակել բնականոն աշխատանքը, ասել են՝ այո՛, Վարդան Մկրտչյանը հայտարարեց, որ նման բան չկա։
Սունդուկյան թատրոնի իրավաբանը հղում տալով ԱՆ իրենց ուղարկած դիմումին՝ նշել է, որ նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ՝ արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքը։
«Արդարադատությունն իրակացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ»,-ասացին թատրոնից։