04/11/2024 21:40
Կիմ Չեն Ընը բարևներ է փոխանցել Պուտինին և առաջարկել իր օգնությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հիին, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ասել է, որ Չոյ Սոնգ Հին Վլադիմիր Պուտինին է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ջերմ ողջույնները։ Իր հերթին Պուտինը խնդրել է Կիմ Չեն Ընին իր կողմից փոխանցել ջերմ բարեմաղթանքներ։
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը Մոսկվայում է հոկտեմբերի 30-ից։ Նա արդեն հանդիպել ու բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության, այդ հանդիպմանը նշվել է, որ Մոսկվայի ու Փհենյանի հարաբերությունները «վերջին տարիներին հասել են աննախադեպ բարձր մակարդակի»։
Մեկ այլ հատկանշական փաստ․ նշվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անունից հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է աջակցություն և օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտությունում։