04/11/2024 10:25
Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Իսրայելի գործողությունները Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ու նաև Իրանի նկատմամբ ցույց են տալիս միջազգային իրավունքի խոցելիության ողջ էությունը:
«Իսրայելական 1-ամյա գործողությունների հետևանքով շուրջ 50 հզ. մարդ է զոհվել, որոնց ճնշող մեծամասնությունը` խաղաղ բնակիչներ: Դեռ չեմ խոսում վիրավորների, հումանիտար աղետի, էթնիկ զտումների մասին:
Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ պնդում է, որ աշխարհում գերիշխող է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ուժը` փորձելով «հիմնավորել» ՀՀ-ի ու Արցախի դեմ իրականացված ագրեսիան ու դրա հնարավոր շարունակությունը:
Ու այս կատաստրոֆիկ իրականության պայմաններում Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ ճիշտը ոչ թե ուժեղ Հայաստանի կառուցումն է, այլ պարզապես հանձնվելը:
Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։