04/11/2024 13:22
Նախկին քաղաքապետի գնած ավտոբուսների 30-40 տոկոսն այսօր անսարք է. Ավինյան (Տեսանյութ)
Հասարակական տրանսպորտի վճարման համակարգի ընդհանուր տրամաբանությունն է փոխվում, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա սակայն նշեց, որ արտոնությունների փաթեթ են ընդունելու․ բոլոր խմբերը՝ թոշակառուները, դպրոցականները, ուսանողները և այլք, ովքեր ունեն աջակցության կարիք, արտոնություններ են ստանալու։
«Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Նախկին քաղաքապետը որոշակի տրամաբանությո՞ւն էր տեսնում, երբ գնում էր, օրինակ, նոր ավտոբուսներ, որոնց 30-40 տոկոսն այսօր անսարք է։ Մեր՝ քաղաքային իշխանությունների տեսլականն այն է, որ հանրային տրանսպորտը գերակա է։ Մենք այլևս չենք ուզում վերադարձ ունենալ դեպի նախկին վատ համակարգեր, դեպի նախկին վատ շարժակազմեր։ Մենք չենք ուզում մաշված, վատ շարժակազմեր ունենալ ապագայում։ Միակ խնդիրը, որն ուզում ենք լուծել, հանրային տրանսպորտի որակի խնդիրն է»,-ասաց Ավինյանը։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են համակարգի փոփոխություն անելու, առանց հասարակությանը դրան պատրաստելու՝ Ավինյանը նշեց.«Նման մասշտաբի յուրաքանչյուր ռեֆորմ ունի ադապտացիոն շրջան։ Այսինքն՝ երբ որևէ մեկս ինչ–որ բանի սովորում ենք, դա որոշակի ժամանակ է պահանջում։ Մենք ինչո՞ւ ենք այս աշխատանքները սկսել 2 ամիս շուտ, որպեսզի ձեր մատնանշած այս խնդիրներն ի հայտ գան և դրանք այս ընթացքում կարողանանք լուծել»։