04/11/2024 11:53
Շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է. ՊԵԿ նախագահը՝ գործարարների ու Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ գործարարների հանդիպումը որևէ ազդեցություն չի ունենում նրանց գործունեության վրա։
«ՊԵԿ-ը ցույց է տվել, որ հարկ վճարելը բացարձակ առաջնահերթություն է ու հարկերի հետ կապված խնդիր ունեցող տնտեսվարողների մասով իրականացվում է հավասար ու արդար վարչարարություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Բադասյանը նշեց, թե վարչապետի կնոջ կազմակերպած միջոցառման նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է։
«Կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է, լավ գաղափար է»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, թե եթե խնդիր տեսնեն՝ անպայման ստուգում կանեն։
«Եթե ռիսկերի համակարգն ընտրի որպես ռիսկային՝ անպայման նաև հերթական ծրագրային ստուգումը կանենք, որևէ խնդիր չկա»,- հավելեց Բադասյանը։
Նշենք, որ այդ ընթրիքի արդյունքում հավաքվել է 62 մլն ՀՀ դրամ։