04/11/2024 15:43
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման «40+10» ծրագրում սպասվում են փոփոխություններ. կսկսեն ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։
Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ:
Հասարակական խորհուրդի նիստին մասնակցում էին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։
ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել խորհրդի դերը՝ առկա խնդիրները լուծելու համատեքստում։ «Այս ընթացքում կարողացել ենք բավարար խնդիրներ հավաքագրել, առանձնացնել, քննարկել։ Հետևաբար ուզում եմ բոլորիս հավաքական դերը ընդծել խորհրդի կազմում և խնդրել, որ ակտիվ լինեք»,-ասել է նախարար Սանոսյանը։
Խորհրդի նիստի առաջին մասում ԱՍՀՆ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է 2025 թվականին «40+10» ծրագրում սպասվող փոփոխությունները։ Ըստ նրա՝ ՀՀ Կառավարությունը կսկսի ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել։
Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասապարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված Կառավարության միջոցառումները։
Անդրադարձ է կատարվել նաև բնակապահովման ծրագրին, որից հետո ծավալվել է հարցուպատասխան։ Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերել են բնակապահովման ծրագրի շահառու դառնալու, 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների։ Հնչեցված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։