04/11/2024 16:21
Երկաթուղու համար 2025-ին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է. Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 113 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 356,3 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է 289,1 մլրդ դրամ: Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 98 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 74 մլրդ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:
Նախարարի խոսքով՝ տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 97,2 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը: 84,2 մլրդ դրամը նախատեսված է կապիտալ բնույթի աշխատանքների համար:
Մասնավորապես, 2025 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար նախատեսված է 26,4 մլրդ դրամ: «Կշարունակենք ու կավարտենք Աշտարակ-Թալին 8 կմ եւ 34 կմ հատվածները: Ավարտական փուլում է նաեւ Լանջիկից Գյումրի հատվածը, կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը»,- նշել է Գնել Սանոսյանը:
2025 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 51 մլրդ դրամ, իսկ 2,5 մլրդ դրամ էլ նախատեսված է 15 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգումների կամ նորոգումների համար:
Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 578 մլն դրամ, որը հիմնականում Քաղավիացիայի պահպանման ու վերապատրաստման ծախսերն է:
Երկաթուղու համար 2025 թվականին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է:
Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 74 մլրդ դրամ, որից 70 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:
Պետական գույքի կառավարման ոլորտում գույքի իրացումից մուտքեր նախատեսվում է 15 մլրդ դրամի չափով, իսկ 2,5 մլրդ դրամի չափով նախատեսված է կոմիտեի եւ ենթակա մարմինների պահպանման, հաշվառման ու այլ ծառայությունների համար:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Լուռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով ճանապարհների վիճակին, Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտին, քաղավիացիայի աշխատանքներին, ատոմակայանին, ճանապարհների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ու սպասարկմանը: