05/11/2024 12:04
Սահմանազատման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը. ո՞ր փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել. Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ Հայաստանը միայնակ կարողանում է իր շահն առաջ տանել։
Դրա ամենամեծ օրինակը, ըստ Պապոյանի, սահմանազատման գործընթացն է։
«Հայաստանը ստացավ պետական սահման՝ կոնկրետ հատվածում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանն ասաց, թե սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։
«Այսօր, վաղը, թե երկու տարի հետո․ ո՞ր փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել, բայց, երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին՝ նշանակում է հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետ, այնուհետև Նախիջանի ամբողջ սահման- ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն»,- հավելեց նա։