05/11/2024 14:53
Պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին Aysor.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։
«Միջադեպի օրը մեր պատգամավորներից մեկի սենյակում էինք, ձայներ էին լսվում, հստակ հասկանալի էր, որ Ալեն Սիմոնյանն է գոռգոռում, նաև հստակ էր, որ վիրավորում է դիմացինին, մենք միայն հետո տեղեկացանք, որ լրագրող Վահե Մակարյանն է եղել միջադեպի կողմը։ Ես, իսկապես, չեմ հիշում, որ մեր երկրի պատմության մեջ ԱԺ որևէ նախագահ նման պատմությունների մեջ հայտնված լինի, նման վարքագիծ ցուցաբերած լինի։ Մենք նաև պետք է հաշվի առնենք, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու վրա, այսինքն՝ գործ ունենք հատակից ներքև իջած մարդու հետ»։
Պատգամավորն ընդգծում է՝ այս և նմանատիպ միջադեպերն անպատժելիության, բացարձակ իշխանության հետևանք են։
«Մենք պարբերաբար իշխանության ներկայացուցիչների կողմից տեսնում ենք նյարդային վարքագիծ, հարց է առաջանում՝ արտաքուստ ինքնավստահ թվացող իշխանության ներկայացուցիչները, որ անդադար հայտարարում են, թե իրենք որևէ հանցանք չեն գործել, ներքին խնդիրներ չունեն, թե իրենց օրակարգերն անխափան առաջ են տանում, ինչո՞ւ են տասնյակ թիկնապահներով շրջում և դեռ տասնյակ թիկնապահներով շրջապատված լինելով հանդերձ՝ վախվորած իրենց շուրջն են նայում, ինչո՞ւ են այդքան ջղաձգված, ինչո՞ւ են պարզ իրավիճակները դարձնում կոնֆլիկտային։ Իշխանության ներկայացուցիչներին, գուցե, հենց հիմա պատասխանատվությունը հեռու է թվում, բայց իրենք բոլորիցս լավ գիտեն՝ ինչ են արել և ստիպված են դրա հետ ապրել»։
Քրիստինե Վարդանյանի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպի հարցն անգամ Էթիկայի հանձնաժողով չպիտի հասնի. ԱԺ նախագահը պետք է պարզապես հրաժարական տա։
«Դեռ ավելի վաղ պետք է հրաժարական տված լիներ։ Էթիկայի հանձնաժողովում մեծամասնություն պիտի ձևավորեն ՔՊ-ականները, իրե՞նք պիտի քննեն Ալեն Սիմոնյանի վարքը, մենք պիտի արձանագրենք, որ սա նորմ է իրենց ամբողջ ֆրակցիայի համար։ ՔՊ-ն որևէ խնդիր չի տեսնում Ալեն Սիմոնյանի վարքագծում, հետևաբար, կիսում է նաև ամբողջ պատասխանատվությունը»։