05/11/2024 11:05
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման 90-ամյա ֆակուլտետի կողքին (Լուսանկարներ, Տեսանյութ)
Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահ տեղի ունեցավ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը։
Միջոցառումն ամփոփեց Ֆակուլտետի հոբելյանական միջոցառումները, որոնց գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։
Կարմիր գորգի արարողությունից հետո միջոցառման շուրջ 1300 հյուրը ներկա գտնվեց նիստի բացմանը, որին ելույթով ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
«90 տարվա ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը եղել է Հայաստանի տնտեսագիտական կրթության և տնտեսագիտական մտքի կարևորագույն կենտրոն: Հատկապես կարևոր է նշել ֆակուլտետի դերը անկախ Հայաստանի տնտեսության կայացման գործում: Բիբլոս Բանկ Արմենիայում մենք խորապես հավատում ենք կրթության փոխակերպող ուժին: Կրթության մեջ ներդրումներ կատարելու մեր հանձնառությունը զուտ ֆինանսական աջակցություն չէ: Այն գալիս է արմատավորված ընկալումից, որ կրթությունը մեր հասարակության հիմքն է, որը ճանապարհ է հարթում նորարարության, առաջնորդության և զարգացման համար»,- իր խոսքում նշեց Հայկ Ստեփանյանը:
«Վստահաբար անցած 90 տարիները եղել են բազում մարտահրավերների, միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ։ 1934թ-ին, երբ Համալսարանում հիմնադրվեց առանձին ֆակուլտետ, Հայաստանի տնտեսությունը բավական բարդ վիճակում էր։ Այդ մարտահրավերներով լի տարիներին ֆակուլտետը դարձավ երկրում տնտեսագիտական մտքի ձևավորման, տարածման և զարգացման հիմնական օջախը։ Ինը տասնամյակ շարունակ Ֆակուլտետը պատվով և բարձր մակարդակով է իրականացրել և ցայսօր էլ շարունակում է տնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման իր կարևոր առաքելությունը»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
Բանկին շնորհվեց հատուկ մրցանակ՝ ֆակուլտետի հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին աջակցելու համար։ Իսկ ֆակուլտետի հետ երկարամյա արդյունավետ աշխատանքի և գիտակրթական նախաձեռնություններին մեծապես աջակցելու համար Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին շնորհվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆակուլտետի մասին հատուկ տեսաֆիլմը՝ շրջանավարտների հիշողություններով և ֆակուլտետի՝ նրանց կյանքում ունեցած դերի մասին պատմություններով։
Ֆակուլտետում հոբելյանական տարին նշվեց մի շարք կարևոր միջոցառումներով, ինչպես նաև Ֆակուլտետի 90-ամյա հարուստ պատմությունն ամփոփող նկարազարդ գիրք-ալբոմի հրատարակմամբ։
Բիբլոս Բանկ Արմենիան Ֆակուլտետի կողքին է մի շարք այլ նախաձեռնություններում ևս: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ Մասնավորապես, 2023 թ. Բանկի և համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ուսանողներ ստանում են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում։