05/11/2024 11:51
Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան
Չկա նման բան, մեկ շաբաթից ավելի է, ձեզանից եմ դա լսում, ձեր ձևակերպումների հետ էլ համաձայն չեմ, քանի որ որևէ «գզվռտոց» ու նմանատիպ վարքագծի դրսևորումներ չկան, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն պնդումներին, թե ինքն է նախառեձնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթացը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Պատգամավորը նշեց, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և տեղյակ չէ, թե այնտեղ ինչ է քննարկվում, իսկ խմբակցության նիստ այսօր նախատեսված չէ։
«Ես արդեն հստակ ասացի՝ չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար։ Ես որքանով տեղեկացված եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտարարել է, որ լսումների մասով կա կարգապահական վարույթ։ Միայն այդքանը գիտեմ»,-նշեց նա։
Հարցին, թե ինքն անձամբ դժգո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից՝ Գաբրիելյանը պատասխանեց.«Ինչո՞ւ պետք է դժգոհ լինեմ։ Ես դժգոհություն չունեմ ՔՊ-ական որևէ պատգամավորից, քանի որ դժգոհ լինել ՔՊ-ական պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքդ քեզանից, ի՞նչ տարբերություն»։
Ինքնաքննադատության նիստի մասով էլ պատգամավորը շատ բաներ չմանրամասնեց, միայն նշեց, որ այն շատ հետաքրքիր է անցել։ Հույս հայտնեց, որ շարունակություն կունենա.
«ՔՊ-ում միշտ կան ու կլինեն թևեր, դրանք մեր ծրագրերն են, որով առաջ ենք գնում։ Իրար դեմ պայքարող թև չեմ տեսել, նման թևերում չկամ։ Դրսից շատ ուժեր կցանկական, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միասնությունը քանդեն։ Կարծում եմ՝ մեր միասնությունը երևում է մեր քվեարկությամբ, մեր նախընտրական ծրագրերում որդեգրած աշխատանքներն առաջ տանելով։ Մենք թիմ ենք, ունենք ծրագիր, որով առաջ ենք տանում և դա լավագույն ցուցիչն է, որ կա միասնություն»։