05/11/2024 11:44
Սոցիալական արդարությունը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով. Փաշինյան
Յուրաքանչյուր կառավարության ու հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն. «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- նկատեց նա:
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է լուծել ամենակարևոր խնդիրներից մեկը՝ կրթության հասանելիույթունը, որը հավասարապես հասանելի չէ բոլորին։
«Այդ խնդրի լուծմանն են ուղղված 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրն ու ի շարունակություն դրա՝ ակադեմիական քաղաքի նախագիծը: Այս թեմաներն ուղիղ կապ ունեն կանանց ներգրավման խնդրի հետ ու առաջին հերթին նկատի ունեմ մանկապարտեզների հասանելիությունը: Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար՝ զբաղվելու իրենց կրթությամբ, բիզնեսով և զարգացնելու իրենց հմտությունները»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ պետք է հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը: «Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով ու իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության որակի ու արտադրողականության հետ:
Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական ու ավելի մրցունակ՝ աշխատանքի շուկայում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: