05/11/2024 17:27
«Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հակառակը, նոր ռիսկեր կստեղծի»․ Լավրովը պնդում է՝ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին չի շտապեցնում՝ խաղաղության պայմանագիր կնքել
Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ, կարճ ժամկետում խաղաղության պայմանագիր կնքել, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, թե իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացում արձանագրված էական առաջընթաացը», հասկանում են, որ ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին, դա հեշտ չի տրվել, այդուհանդերձ, չեն էլ շտապեցնում կողմերին։
«Ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում, որ հապճեպ խաղաղության պայմանագիր կնքեն»,- ասել է Լավրովն ու հավելել, թե Ռուսաստանը հասկանում է, որ առանց Բաքվի և Երևանի բոլոր դիրքորոշումները հաշվի առնելու, առանց իրողությունները գնահատելու, դա ոչ միայն դրական արդյունքի չի հանգեցնի, այլև կստեղծի լարվածության և հակամարտության սրացման լրացուցիչ ռիսկեր։
«Իսկ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն և կայունություն լինի»,- հայտարարել է Լավրովը։