05/11/2024 16:04
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ:
Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամներին, որոնց գործուն մասնակցության շնորհիվ ներկայացված 25 հայտերից ընտրվել է 9-ը՝ ձևավորելով հոբելյանական ծրագիր ամբողջ տարվա համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գիտաժողովների անցկացումը: Նրա խոսքով՝ ստացված մի քանի գիտաժողովների առաջարկները հանձնաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է միավորել՝ հնարավորություն ընձեռելով գիտական հանրույթի ներկայացուցիչներին լսելու ու քննարկելու մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները:
«Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերաժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է։ Պարույր Սևակն այն մտավորականներից է, որի թողած ժառանգությունն իրականում շատ բազմաշերտ է, և գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու նրա գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները։
Քննարկումները որակյալ աշխատանքի կարևոր նախապայման են․ հույս ունեմ՝ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի շատ մանրամասնորեն ու տարբեր շերտերով անդրադառնալ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգությանը: Կարևոր է նաև, որ այս հարթակը միավորում է բոլորին, այդ թվում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանին, ինչը կարող է նոր համագործակցությունների սկիզբ լինել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Պարույր Սևակի հասարակագիտական, գրական-հրապարակախոսական ժառանգության ու թարգմանական գործունեության կարևորությանը՝ դրանք դիտարկելով որպես միջգիտակարգային երկխոսության հնարավորություն և առանձին ուշադրության արժանի ուսումնասիրության նյութ:
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:
Գիտաժողովը կանցկացվի 2024 թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթական և գիտական կառույցների գիտնականները և մասնագետները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը, Սևակի պոեզիան օտար լեզուներով, նրա լեզվական արվեստը, պոեզիան հայ երաժշտության մեջ, հայ կոմպոզիտորական արվեստում, Սևակի պատմափիլիսոփայությունը։ Թեմատիկ ուղղություններն են «Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը», «Պ. Սևակի գիտական ժառանգությունը», «Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները», «Պարույր Սևակը արվեստում», «Սևակագիտության արդի խնդիրներ»: