06/11/2024 12:15
Ի՞նչ սպասել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից, ինչպե՞ս կազդեն հայ-ամերիկյան հարաբերությունների վրա
Այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաշվարկներն արված են, հիմնական արդյունքները կան, սակայն դրանք դեռ նախնական են, պաշտոնական չեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ որոշ նախնական տվյալներով՝ Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում և դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահ։
Հարցին՝ թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը մե՞ծ է՝ Սարգսյանը պատասխանեց.«Այո, սակայն այս պահի դրությամբ ոչ բոլոր ձայներն են հաշվարկվել։ Այնպես որ՝ դեռևս ժամանակ կա, որպեսզի հասկանանք, թե ընտրիչների որքան ձայն է տարել Թրամփը և որքան՝ Հարիսը»։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներից հետո ռուս-ամերիկյան և հայ-ամերիկյան հարաբերություններին՝ միջազգայնագետը նշեց, որ Թրամփը զգուշավոր է արտահայտվել ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին և նշել, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել գլոբալ, հիմնական խաղացողների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ.«Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ ինքը կաշխատի, եթե կարողանա ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնել և խաղաղություն բերել, ինչպես ինքն է ասել։ Այնպես որ, պետք է սպասենք»։
Իսկ ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա Սարգսյանը կարծում է, որ այդտեղ որոշակի պասիվություն կդրսևորվի՝ ի տարբերություն Բայդենի նախագահության տարիների.«Բայց այդտեղ շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք ԱՄՆ-ի հետ»։
Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ ամերիկահայերի շրջանում էական տարբերություն չի եղել՝ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի ընտրության հարցում.«Որքան Թրամփին էին աջակցում, նույնքան էլ՝ Հարիսին։ Որքան աջակցում են Հանրապետականներին, այդքան էլ աջակցում են Դեմոկարատներին։ Սա է իրավիճակը»։
Իսկ ահա Իրանի հարցում, ըստ մասնագետի, որոշակի կոշտությունը կպահպանվի .«Բայց եթե Թրամփը նպատակ ունի խաղաղություն հաստատելու Մերձավոր Արևելքում, ինչպես ինքն է ասում, ապա չեմ բացառում, որ կգնա նաև Իրանի հետ բանակցելու ճանապարհով»։
Նշենք, որ ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնի համար պայքարն ընթանում էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսի և Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։