06/11/2024 20:30
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստ է նշանակվել: Այդ մասին News.am-ին հայտնել է ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցելու այդ նիստին:
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՔՊ կուսակցության որևիցե նախաձեռնության մենք չենք մասնակցելու, բացառապես այն մասով, որ ՔՊ-ն մշտապես փորձ է արել Գյումրիում իշխանազավթման հասնել և այն համայնքներում, որտեղ ՔՊ-ական ղեկավարներ չկան, նշանակել ՔՊ-ական ղեկավարներ»,- ասել է նա:
Ավագանու անդամը նշել է, որ թեև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարող է նիստ հրավիրել, սակայն չի կարող նիստ գումարել:
«ՔՊ-ն 33 մանդատից 11-ն ունի, ինչը թույլ է տալիս նիստ հրավիրել, բայց գումարման համար 17 ավագանու անդամի ներկայություն է անհրաժեշտ»,-ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ, իր տեղեկություններով, քվորում չի ապահովվելու նիստին․ իրենց մասով առավել քան հստակ է՝ չեն մասնակցելու:
«Եթե նիստը գումարվի, իրենք հնարավորություն կունենան համայնքի ղեկավարի թեկանծու առաջադրել և քվերակություն ապահովել: ՔՊ-ի համար պետք է ևս 6 մանդատ, որ կարողանան նիստ գումարել, բայց չեն կարողանալու քվորում ապահովել»,-ասել է Միրզոյանը։
Ավագանու անդամը կարծում է, որ նմանատիպ իրավիճակում ճիշտը արտահերթ ընտրությունների գնալն է, ոչ թե ՔՊ-ի օրակարգով շարժվելը: