06/11/2024 10:56
Իրանում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում լուրջ ազդեցություն ունեցողները Երևանում են
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանն ու Արմեն Սիմոնյանն ընդունել են Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղեկ իրանական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նրանք Հայաստանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում:
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ավելացրել, որ ներկաներն այն մարդիկ են, որոնք Իրանում լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում։
ՏԿԵ նախարարի տեղակալները ներկայացրել են Հայաստան-Իրան համագործակցության առաջնահերթությունները, այս պահին ընթացող և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մանրամասները։
Քրիստինե Ղալեչյանը խոսել է Հյուսիս-հարավ ծրագրի և դրա բաղադրիչների կարևորության մասին, ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և հատուկ շեշտադրել Մեղրիի սահմանային հատվածում նոր կամրջի կառուցման կարևորությունը։
Տրանսպորտի ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ որ Իրանի հետ կա հաջողված համագործակցություն օդային տրանսպորտի ոլորտում։ Սիմոնյանը նաև շեշտադրել է հայկական և իրանական ընկերությունների կողմից երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու կարևորությունը։
Նախարարի տեղակալը միևնույն ժամանակ ընդգծել է, որ կա անհրաժեշտություն զարգացնել երկաթուղային տրանսպորտի շուրջ համագործակցությունը։
Իրանի վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները ՏԿԵ նախարարի տեղակալներին ուղղել են մի շարք հարցեր, որոնք ստացել են սպառիչ պատասխաններ»,- ասվում է հաղորդագրությունում։