06/11/2024 09:51
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի և մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել: Մասնավորապես՝ Աղազարյանն «արա»-ով էր դիմել, Նարեկ Զեյնալյանն էլ հորդորել էր Քյարամյանին՝ ԱԺ պատգամավորի հետ խոսելիս սահմանափակել իր ժեստիկուլյացիան՝ «մատով խոսելը»։ Երկու պատգամավորն էլ «հարցաքննվել» են Վերահսկիչ հանձնաժողովում՝ հաստատեց Ղալումյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե կարգապահական վարույթ հարուցե՞լ են և ուղարկել ՔՊ վարչություն, որը պետք է վերջին խոսքն ասի․ «Դրանք ներկուսակցական հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին ես չեմ կարող խոսել»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել», և ՔՊ անդամ չհանդիսացող պատգամավորներին ևս քննելու իրավունք ունի՞ իր ղեկավարած հանձնաժողովը (Ա. Քոչարյանն անկուսակցական է)։ Ղալումյանը կարճ կապեց․ «Ոչ, չունի»։ Չնայած դրան՝ ՔՊ վարչությունը կարող է խմբակցության անդամ անկուսակցական պատգամավորների հարցը ևս քննել, բայց այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն ԱԺ խմբակցությունում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ տեղեկություն չունի՝ վարույթ հարուցե՞լ են իր դեմ, թե՞ ոչ: Միայն հերքեց լուրերը, թե ավտոներկրմամբ զբաղվող իր որդին եղել է նաև ՊԵԿ պաշտոնյա․ «Նախ պետք է ասեմ, որ իմ բազմաթիվ որդիներից ավտոներկրմամբ զբաղվել է ոչ թե Վահեն, որի մասին մամուլը գրել է, այլ՝ Իվանը, 2023 թվականին, իսկ Վահեն 2022 թվականի հունվարի 5-ից դադարեցրել է աշխատանքը ՊԵԿ-ում»»։