07/11/2024 12:40
Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի հասցրել ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» տեքստին։
«Սա իմ աշխատանքային երրորդ օրն է, չեմ հասցրել։ Բայց ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու ողջ գործընթացի իրավական գործընթացը։ Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի հետ կապված և հանձն եմ առել ապահովելու դրա իրավական ողջ գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Ի պատասխան դիտարկմանը՝ եթե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա կողմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս՝ Գալյանը նշեց.«Ես խոսում եմ «Խաղաղության պայմանագրի» մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ։
Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել և մեզանից որևէ մեկը 5, 6 տարի առաջ, գուցե, չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այս օրերին։
Այսօրվա պայմաններում ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ բոլորս՝ այդ թվում ես, ամեն ինչ պետ է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»։