07/11/2024 11:25
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո կհատկացնի:
Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022:
Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Հյուսիսային և հարավային ենթահատվածներում ճանապարհի կառուցման աշխատանքները ներառում են՝
ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներով ճանապարհի, 8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցում, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում: Տրամադրվող վարկի գումարը 236 մլն եվրո է:
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:
Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 3.2 բաժնով ստանձնած պարտավորություններից (6.2 միջոցառում):
Հյուսիսային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ԱԶԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ, իսկ Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբեր (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2031թ. դեկտեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2033 թ. դեկտեմբեր)։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: