Այսօր, 12:22
Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը
Արտախորհրդարանական 4 ուժերի կողմից նախաձեռնված՝ Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը Aysor.am-ին ասաց, որ ԿԸՀ–ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը։
Ղուկասյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև նոյմբերի 14-ը ժամկետ ունի, որի ընթացքում քաղաքացիները կարող են դեռևս օնլայն միանալ ստորագրահավաքին։ Անուհետև մեկ ամիս ժամկետում կստուգվի ստորագրությունների վավերականությունը՝ հավաստիանալու, որ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք։ Այս ամենից հետո ԿԸՀ-ն կկայացնի ստորագրությունների վավերականացումը հաստատելու վերաբերյալ որոշում։
Որոշումը ստանալուց հետո նախաձեռնող խումբը Հանրաքավեի մասին օրենքով սահմանված կարգով կշարունակի իր գործունեույթունը և արդեն նախագիծը կներկայացվի ԱԺ։
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են նախաձեռնել ԱԺ-ում։