Այսօր, 11:33
Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ
Մեր արագ փոփոխվող աշխարհում, հատկապես այն տարածաշրջանում, որտեղ մենք ենք ապրում, մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ վերափոխվում են, և մեզանից պահանջվում է ժամանակին բովանդակային արձագանք․ «Տարածաշրջանի մարտահրավերները, հնարավորությունները՝ եվրոպական բանկերի հետ համագործակցությամբ» համաժողովին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ իրենց արձագանքները կարող են մարդկանց կողմից ընկալելի լինել այն պարագայում, երբ մարդիկ ԿԲ-ին վստահեն։
«Վստահությունը մեր ամենաարժեքավոր ակտիվներից է և մենք հավատարիմ ենք մեր քաղաքականությամբ ու գործողություներով նպաստել այդ վստահության ամրապնդմանը,։ Դրա ապացույցը բանկային համակարգում ցուցանիշներում որակական աճի ուղղությամբ արձանագրված դրական փոփոխություններն են»,-ասաց նա։
Ֆինանսական կայունության առումով ԿԲ նախագահը նշեց, որ վերջին տարիներին զգալի բարելավվել է համակարգի դիմադրողականությունը։ «Մեր վարած քաղաքականությունն ուղղված է եղել նախորդ տարիների դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա հնարավոր ռիսկերի համար պաշարների ձևավորմանը»,-ասաց նա։
Մարտին Գալստյանի խոսքով՝ բանկերի շահույթի մի մասը, ԿԲ որոշման համաձայն, ուղղվել է «կապիտալի հակացիկլի բուֆերի ձևավորմանը»։
«Այժմ վարկային պորտֆելն աճում է, որին մեծապես նպաստում է տնային տնտեսություններին և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի բարձր աճը»,-ասաց նա։