07/11/2024 22:39
Փաշինյանն ու Մակրոնը Բուդապեշտում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիայի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին»: