07/11/2024 11:43
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում
Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք:
Նշվում է, որ ներկայումս Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։ Գործող կարգավորումների համաձայն՝ նշված ծրագրի շրջանակներում պարտադիր ժամկետային զինծառայողները չեն կարող պայմանագրային զինվորական ծառայության անցնել Ազգային անվտանգության մարմիններում, հետևաբար, վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։
«Հարկ է նշել, որ ՀՀ զինված ուժեր են տեղափոխվում Սահմանապահ զորքերում առնվազն 6 ամիս ծառայած զինծառայողները, ովքեր արդեն իսկ անցել են համապատասխան պատրաստություն և տիրապետում են սահմանային ծառայության առանձնահատկություններին, իսկ նրանց փոխարեն ՀՀ զինված ուժերից տեղափոխվող զինծառայողներին սահմանային ծառայության կրմանը պատրաստելու համար պահանջվում է տևական ժամանակ և լրացուցիչ անձնակազմ։
Բացի այդ, Սահմանապահ զորքերը Պաշտպանության նախարարությունից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ»,- ասվում է ԱԱԾ-ի ներկայացրած նախագծում: