07/11/2024 14:13
«Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ)
Զառա Մանուկյանը «Մայրի» ՀԿ համահիմնադիրն է, Aysor.am-ին պատմել է «Մայրի» արհեստի և արվեստի կենտրոնի գործունեության մասին, ինչպես նաև ներկայացրել հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքի և ներառականության մասին իր պատկերացումները։
«1995 թվականից աշխատել եմ «Արեգնազան» կրթահամալիրում, որն այն ժամանակ կոչվում էր Վալդորֆյան դպրոց։ Այդ տարիներից կրթահամալիրում սկսեցինք ներառել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Այդ երեխաների հետ աշխատանքն այնքան հետաքրքիր էր, որ մանկավարժներից ոմանք հետաքրքրվեցին մանկավարժության այդ ուղղությամբ։ Հետագայում, երբ հատուկ կարիքներ ունեցող երեխաներն ավարտեցին դպրոցը, ուսումն ու կրթությունը շարունակական դարձնելու հարց առաջացավ, մենք հիմնեցինք «Մայրի»-ն, որը երեխաներն անվանում են Մայրի-տուն. կենտրոնը, իսկապես, հատուկ կարիքներ ունեցողների համար դարձել է տուն։ Մենք հոգացել ենք, որ միջավայրը ջերմ լինի ու նաև՝ լի արվեստով։
Այն մեթոդները, որոնցով մենք առաջնորդվում ենք, տարբերվում են մեթոդներից, որոնցով ՀՀ-ում և այլուր հիմնականում աշխատում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ։ Մենք հեռու ենք վարքային մեթոդներից։ Մեր նպատակը ոչ թե երեխայի վարքն ուղղելն է, այլ՝ նրա ներաշխարհը հարստացնելը, այնպես, որ երեխան առնչվի գեղեցիկի հետ՝ այդպիսով վատ վարքն ինքնին կբացառվի։
Մեր կենտրոնում աշխատում ենք թե՛ երեխաների, թե՛ մեծահասկաների հետ։ Ունենք արհեստանոցներ, որտեղ կենտրոն հաճախողներն աշխատում են։ Անպայման ձգտում ենք ունենալ որակյալ արտադրանք, որը հնարավոր կլինի վաճառել, այդպիսով հատուկ կարիքներ ունեցող մարդիկ իրենց օգտակար, ռեալիզացված են զգում։ Մեր նպատակն է ստեղծել համայնք, որում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ իրենց լավ կզգան։
Պետությունը ստորագրել է ներառական կրթության վերաբերյալ փաստաթղթեր, բայց քիչ թվով դպրոցներ ու քիչ մանկավարժներ են, որ իրականում ձգտում են ներառել երեխաներին։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները հաճախ դժգոհում են՝ կան դպրոցներ, որտեղ երեխաներին ընդհանրապես չեն թողնում մասնակցել կրթական գործընթացին՝ պատճառաբանելով, թե խանգարում են։ Դա, գուցե, ինչ-որ չափով հասկանալի է. երեխաները կարող են վատ հոգեվիճակում լինել ու խանգարել գործընթացը, բայց դա չի նշանակում, թե այդ երեխաներին պետք է օտարել։ Ճիշտ հակառակը, նշանակում է, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանքին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, մասնագիտորեն։ Ներառական կրթությանը չի կարելի վերաբերվել պարզապես որպես կարգախոս, ասել՝ փաստաթղթերը ստորագրեցինք, գործն ավարտված է։ Դրան նախ պետք է վերաբերվել որպես մասնագիտական բարձր որակներ պահանջող գործունեության։
Ինքս մանկավարժության մագիստրոսական թեզը գրել եմ Նորվեգիայում, դիտարկել եմ ներառական կրթության իրենց փորձը. ամեն ինչ բնականոն էր, պարզապես անում են աշխատանք՝ առանց դեմագոգիկ հայտարարությունների։ Վստահ եմ, որ համապատասխան ռազմավարության, մասնագետներ պատրաստելու դեպքում մենք էլ կարող ենք հաջողել։
Մի քանի տարի է՝ որպես դասընթացավար մասնակցում եմ ԿԳՄՍՆ կազմակերպած դասընթացներին, որոնք հիմնականում երաժշտական և արվեստի դպրոցների համար են։ Հատկանշական է, այդպիսի դպրոցների մանկավարժները տարբերվում են. գեղեցիկի հետ առնչվելը արտացոլվում է իրենց մոտեցումներում, երբ տեսնում ես՝ ինչպես են շփվում հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ, հասկանում ես, որ առանց քո օգնության էլ կայացած է ներառումն ու երեխաները գտնում են իրենք իրենց այդ միջավայրում, հատկապես որ «հատուկ» երեխաները «հատուկ» հակում ունեն հենց երաժշտության նկատմամբ։ Ցավոք, պատկերն այլ է հանրակրթական դպրոցներում։
Ինչու՞ ներառականություն։ Մի շարք մարդկանց մենք ժամանակին հեռացրել ենք հասարակությունից, սխալն արվել է, հիմա ժամանակն է սխալն ուղղելու։ Ես ժամանակին դասվար եմ աշխատել, իմ դասարանում երկու հատուկ կարիք ունեցող երեխայի ներկայությունը լուծեց բազմաթիվ դաստիարակչական խնդիրներ։ Այդ երեխաների նկատմամբ ուսուցիչներիս վերաբերմունքն է որոշիչ, թեև եղել են դեպքեր, երբ երեխաներն են մեզ համբերության և մարդասիրության դասեր տվել։ Ծնողները նույնպես երբեք, թեկուզ ակնարկով, խնդրահարույց չեն համարել հատուկ կարիք ունեցող երեխայի ներկայությունը դասարանում։ Ծնողների համար ակնհայտ է, որ մասնագիտական մոտեցման դեպքում իրենց երեխաները ոչ միայն ոչնչով չեն տուժում, այլ նաև ստանում են կյանքի փորձ։
Ոլորտի մեծագույն խնդիրը նախ համապատասխան մանկավարժներ, մասնագետներ պատրաստելու հարցն է։ Երբ կրթահամալիր գալիս են ուսանողներ՝ փորձաշրջանի համար, պատահում է, որ այդ ուսանողներից և ոչ ոք ցանկություն չի հայտնում աշխատելու որպես մանկավարժ։ Հուսադրողն այն է, որ փորձաշրջանի ավարտին ոմանք փոխում են իրենց վերաբերմունքը մասնագիտության հանդեպ ու ասում, որ նորովի բացահայտեցին այն։
Ես քսան տարի աշխատել եմ դպրոցում որպես դասվար, բայց այս տասը տարին «Մայրի»-ում մի ամբողջ կյանք արժե։ Հենց այս երեխաների շնորհիվ է, որ մենք վերանայում ենք մեր բոլոր պատկերացումներն ու ներաշխարհը հետազոտելու, ճանաչելու, հարստացնելու հնարավորություն ստանում։
Շուտով կհայտարարենք դասընթացների նոր շրջան, որը կտևի մեկ կամ երկու տարի։ Ոչ միայն տեսություն է դասավանդվում, այլ նաև գործնական հմտություններ՝ երգեցողություն, թատերական արվեստ և այլն։ Առաջնորդվում ենք սկզբունքով, որ մանկավարժն ինքը նախ պետք է բազմակողմանի զարգացած լինի։ Մասնակցել դասընթացին կարող է ցանկացած մեկը, ում հետաքրքրում է այս մասնագիտությունը։
Կար ժամանակ, երբ մեր կենտրոնն ուներ պետական ֆինանսավորում, այն ժամանակ «Մայրի»-ն կյանքով լի էր, համագործակցությունների պակաս չկար, հիմա ֆինանսական խնդիրների պատճառով դժվարություններ ենք ունենում ավելի շատ երեխաների մեր հարկի տակ ընդունելու հարցում։
«Մայրի»-ն ունի աջակցության կարիք, սոցիալական պատասխանատվության հարցում յուրաքանչյուրս ունի անելիք, հատկապես ողջունելի է, որ գործարարությամբ զբաղվողներն առաջնային համարեն ոլորտի հանդեպ ուշադրությունը։
Ի վերջո, երբ ծանոթանան կենտրոնի շահառուների հետ, յուրաքանչյուրն, իսկապես, իր պարտքը կհամարի աջակցել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Ամեն երեխայի մասին կարող եմ անվերջ խոսել։ Վերջերս, օրինակ՝ ընդունեցինք ծանր դրսևրումներով աուտիզմ ունեցող երեխայի։ Մայրիկի հետ զրույցից հասկացանք, որ տասներկու տարեկանում երեխան արդեն հասուն մարդու կենսագրություն ունի, որի հետ ծանոթանալն օգնեց կապ հաստատել երեխայի հետ։ Ոչ միայն չի կարելի անտեսել այս երեխաներին, այլ նաև հանրության բոլոր շերտերն ու խմբերը պիտի ջանք գործադրեն իրական ներառականության հասնելու համար»։