07/11/2024 15:58
Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ սակագնային քվոտա կկիրառվի 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ:
Որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։ Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։