08/11/2024 15:53
ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել
ԵՄ ղեկավարները Հունգարիայում ընթացող գագաթնաժողովում հաստատել են ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու մտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի լիագումար նիստի մեկնարկից առաջ։
«ԵՄ բոլոր ղեկավարները ցանկանում են ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք երեկ շատ լավ քննարկում ունեցանք այս հարցի շուրջ, բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։ Ես երեկ ուղերձ փոխանցեցի Դոնալդ Թրամփին, որ մենք ցանկանում ենք աշխատել իր հետ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, պետք է աջակցենք Ուկրաինային։ Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա դա վատ ազդանշան կուղարկի (ՌԴ նախագահ) Պուտինին և աշխարհի մի քանի այլ ավտորիտար վարչակարգերի», - Միշելի խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմ» գործակալությունը։
Շառլ միշելը հավելել է, որ նոյեմբերի 8-ին ԵՄ ղեկավարները կքննարկեն ԵՄ տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը, ԵՄ միասնական շուկային աջակցության, եվրոպական տնտեսության նորարարական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։