Այսօր, 12:12
Պատերազմ եմ հայտարարում Արմեն Նիկողոսյանի մոտեցմանը, ես էլ չեմ կարող համբերել. պայքարելու եմ ֆուտբոլը «կեղտոտողների» դեմ. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ (Տեսանյութ)
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հայտարարություններին:
Մելիքյանը նշել է, որ պատերազմ է հայտարարում ՀՖՖ փոխնախագահի մոտեցումներին:
«Ես հայ եմ, հայ ֆուտբոլիստ եմ եղել, հայ երկրպագու եմ, հայկական ֆուտբոլի մարդ եմ ու պասիվ չեմ լինի»,- ասել է նա:
Մելիքյանը շուտով հատուկ հարցազրույց է տալու, անդրադառնալու է բոլոր թեմաներին:
«Իմացեք, որ ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանը, ես էլ չեմ կարող համբերել, թքած ունեմ իմ գործի վրա էլ, նրա վրա էլ, որ կարող է որակազրկեն: Թող փաստաբաններին հավաքեն իրենց շենքում, իմ բառերի մեջ ման գան, թե որտեղ կարող են զրկել, ես դրա մասին էլ չեմ մտածում։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք «կեղտոտում» են մեր ֆուտբոլը»,- նշել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը:
Ավելի վաղ «Փյունիկ»-ը նաև հայտարարությամբ էր հանդես եկել` ընդգծելով. «Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար»:
««Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ Fast Sports-ի եթերում մեր ակումբի հասցեին հնչեցված վիրավորանքների ու ստերի հերթական տարափից, դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ասվում էր ակումբի հայտարարությունում: