08/11/2024 15:39
Վահե Մակարյանի ԱԺ հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ. Փաստաբան
Փաստաբան Սոս Հակոբյանը տեղեկացնում է, որ ստանձնել է լրագրող Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը։ Նա գրել է.
«Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր իսկ խոսքերի համաձայն, կոնֆլիկտներ հրահրելու մեծ վարպետ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև 30.10.2024թ. Ազգային ժողովի շենքի ներսում տեղի ունեցած վեճի, դրա արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշման հետ կապված հարցերով։
Գտնում ենք, որ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի։ Չեն պահպանվել անգամ պատասխանատվության ենթարկելու ցանկացած վարույթի հատուկ հավասարության և լսվելու իրավունքի իրացման իրավական սկզբունքները։
Կարևորում ենք այս որոշման ապօրինի ճանաչելը նաև այն առումով, որ իշխանությունների բարեհաճությանը կոնկրետ պահի չարժանացած լրագրողների հավատարմագրումը դադարեցնելու արատավոր պրակտիկան ստանա իրավական գնահատական՝ համարելով այն խոսքի ազատության, տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների ճնշման փորձ։
Տեղեկացնում եմ, որ երեկ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։
Հարգելի լրագրողներ, գտնում եմ, որ հարցը չի վերաբերում բացառապես լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեության իրականացման իրավունքի պաշտպանությանը։ Այսօրինակ ապօրինի դեպքերը եղել են նաև նախկինում (օրինակ՝ Սյուզի Բադոյանի, Քնար Մանուկյանի հետ կապված դեպքերը և այլն), և մեծ հավանականությամբ չեն ավարտվի այս միջադեպով։
Ուստի, խնդրում եմ բոլորիդ հնարավորինս ակտիվ լուսաբանել այս իրավական գործընթացը՝ հանրության տեղեկություններ ստանալու իրավունքը գործնականում ապահովող լրագրողների իրավունքների պաշտպանության լույսի ներքո»։