08/11/2024 09:07
«Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլևս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Նրանց կարծիքով, չպետք է Քյարամյանն անպատիժ մնա, քանի որ անհարգալից պահվածք է դրսևորել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ և փողոցային ժարգոնով խոսել դահլիճում նստածների հետ, հրապարակային մեղադրանքներ է հնչեցրել Հովիկ Աղազարյանի հասցեին, թե իբր նա փորձել է որդու գործով հովանավորչություն անել:
Այսինքն՝ ՔԿ ղեկավարն «իմացել, չի հայտնել» մինչև լսումները, ինչը նույնպես հանցանք է: Բայց ամենակարևորը՝ ՔԿ ղեկավարն ԱԺ ամբիոնից հրապարակավ խոստովանել է, որ, լինելով քննչական կառույցի ղեկավար, առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ օրենք է մեկնաբանել։ Խոսքն ԱԱՀ-ն վերադարձնելու վերաբերյալ հայտնի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս ավտոներկրողներին Արևմուտքից ներկրած, ապա Ռուսաստան արտահանած մեքենաների ԱԱՀ-ն հետ ստանալ:
Օրենքը, անշուշտ, բաց ունի, որից փորձել են օգտվել որոշ բիզնեսմեններ, բայց դա ո՛չ Քյարամյանի, ո՛չ էլ ՊԵԿ-ի լուծելիք խնդիրն է, այն էլ՝ քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Եթե կար բաց, պարտավոր էին դիմել խորհրդարանին և առաջարկել հստակեցումներ մտցնել, մինչդեռ Քյարամյանն «առաջնորդվել է սեփական կարծիքով»՝ ասելով. «Մի ինչ-որ փուլում` ՊԵԿ-ի մեր շատ հարգելի գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի, մեր տեսանկյունից՝ պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին...»»։