09/11/2024 20:35
Կլման խանգարում՝ դիսֆագիա․ Ովքե՞ր են ռիսկի խմբում
Դիսֆագիան բերանը բացելու և փակելու, հեղուկներ խմելու, սնունդը ծամելու, թքով փափկացնելու, կուլ տալու և հարակից այլ գործողությունների հետ կապված խնդիրն է, ինչպես նաև ջրի և սննդի սխալ ճանապարհով տեղաշարժվելը (օրինակ՝ կերակրափողի փոխարեն շնչափողում հայտնվելը):
Դիսֆագիան կարող է ցավոտ լինել, իսկ որոշ դեպքերում կուլ տալն անհնար է:
Կուլ տալու դժվարությունները շատ արագ ուտելիս կամ կերակուրը բավականաչափ լավ չծամելիս, սովորաբար անհանգստության պատճառ չեն հանդիսանում: Սակայն մշտական դիսֆագիան կարող է լինել պաթոլոգիկ ծանր վիճակ, որը պահանջում է բուժում: Երբ տարբեր պատճառներով ի հայտ է գալիս կլման դժվարացում, սնունդ ստանալու հաճույքից զրկվելուց բացի, սահմանափակվում է նաև սննդանյութերով և ջրով մեր օրգանիզմի մշտական կարիքների ապահովումը:
Դիսֆագիան կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի տարածված է չափահասների մոտ: Կուլ տալու հետ կապված խնդիրների պատճառները տարբեր են, և բուժումը կախված է պատճառից:
Դիսֆագիայի հետ կապված գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել`
ցավ կուլ տալու ժամանակ,
կուլ տալու անկարողություն,
զգացողություն, որ սնունդը խրվում է կոկորդում կամ կրծքավանդակում, կրծոսկրի ետևում,
թքահոսություն,
խռպոտություն,
կուլ տված սննդի վերադարձ (ռեգուրգիտացիա),
հաճախակի այրոցք (изжога),
սննդի կամ ստամոքսաթթվի վերադարձ դեպի կոկորդ (ռեֆլյուքս),
քաշի կորուստ,
հազ կամ փսխման ցանկություն կամ փսխում՝ կուլ տալիս:
Անհապաղ շտապ օգնություն կանչեք, եթե շնչառության հետ կապված խնդիրներ են առաջանում և չեք կարողանում կուլ տալ, քանի որ զգում եք, որ սնունդը խրված է կոկորդում կամ կրծքավանդակում։
Դիսֆագիայի ռիսկի գործոնները ներառում են՝
Տարեցներ․ Բնական ծերացման և կերակրափողի բնական հյուծման, ինչպես նաև մեծ տարիքում որոշակի վիճակների ռիսկի պատճառով, ինչպիսիք են ինսուլտը կամ Պարկինսոնի հիվանդությունը, տարեցները ենթարկվում են կուլ տալու դժվարությունների բարձր ռիսկի: Սակայն դիսֆագիան չի համարվում ծերացման նորմալ նշան:
Որոշակի առողջական վիճակներ. նյարդաբանական կամ նյարդային համակարգի որոշակի խանգարումներ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան կուլ տալու դժվարություններ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ