09/11/2024 09:14
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, խնդրի իր սիրելի Ալիևին՝ հարձակվի ՀՀ-ի վրա
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:
Ըստ էության, դրա միակ տարբերակը թշնամու հարձակումն է, պատերազմը: Այս դեպքում, բնականաբար, չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, պարզապես կխնդրի իր սիրելի Ալիևին, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Ինքնին հասկանալի է, որ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է»։