09/11/2024 11:55
ՆԳՆ հատուկ տրանսպորտ՝ ձերբակալվածների տեղափոխման պայմանների բարելավման համար
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները:
Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։
ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:
Մեքենաները կգործարկվեն այսօրվանից՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։