12/11/2024 14:58
Գերիների վերադարձի առումով COP-29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է․ եթե պետությունն ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկումը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանի համար, որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ` Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի ու Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին, Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով ու հաստատումով, Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական նախկին և ներկա ղեկավարները:
«Ադրբեջանի ղեկավարությանն ուզում եմ հիշեցնել, որ, ելնելով միջազային իրավունքի ու մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերիներին»,- ասաց Աբրահամյանը:
Նա նշեց, որ միջազգային պրակտիկան սահմանում է` երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների վերադարձ, ավելին` դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:
«Այս անկյունքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ գերիների հարցն օգտագործվել է Հայաստանից զիջումներ կորզելու ու սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը դատապարտելի է»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Աբրահամյանն ասաց, որ Բաքվում մեկնարկած COP-29 գագաթնաժողովի օրերին այս ֆորմատով քննարկումը ՀՀ ԱԺ-ում չափազանց կարևոր է:
«Կարծում եմ` խորհրդարանը ոչ միայն պետք է արտահայտի իր դիրքորոշումը, այլև Միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: COP-29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի ու անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է: Եթե պետությունն ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու»,- հավելեց Աբրահամյանը: