12/11/2024 12:59
Շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի ու ներքին պարտքի աստիճանական ավելացումը. ԿԲ նախագահ
2025 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
2025 թվականի տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանման խթանմանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքներում ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալներով ու սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից ու արդյունքներից:
ԿԲ նախագահի խոսքով` բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի հարաբերակցության գծով ծրագրավորվել է մինչև ՀՆԱ-ի 5.5 տոկոս մակարդակ:
«2025 թվականին կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, նախորդ տարվա համեմատ, կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով ու կկազմի 53 տոկոս»,- նշեց նա:
2025 թվականի պետական բյուջեի պակասուրդի ու, հատկապես, կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի ու ներքին պարտքի աստիճանական ավելացումը:
«Տարածաշրջանում մարտահրավերների սրման ու դրանից բխող ռիսկերի բացասական ազդեցությունները կանխելու ու չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի ռիսկերի կառավարման կարողությունների ու մոտեցումների ձևավորումը, ինչը կարող է առանջնային լինել կարճաժամկետ ու միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության ու հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում նաև պարտքի կայունության համար»,- հավելեց Մարտին Գալստյանը: