12/11/2024 16:35
Բռնաճնշումների մասին նամակներ հանձնեցինք ԵՄ, ԱՄՆ դեսպաններին, որպեսզի իրենց աջակցությամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի ՀՀ-ում. Հովհաննես Ավետիսյան
Վերջին ընթացքում քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում. լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, ով մի խումբ համախոհների հետ պատրաստվում էր բռնաճնշումների մասին նամակներ հանձնել ԵՄ և ԱՄՆ դեսպաններին։
«Բռնաճնշումներն ուղղված են խոսքի ազատության դեմ, լռեցնելու ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են առկա իշխանությունների որդեգրած քաղաքականությանը»,-ասաց նա։
Ըստ նրա՝ ընտրել են ԵՄ գրասենյակը և ԱՄՆ դեսպանատունը, քանի որ այս իշխանություները մեծ աջակցություն ունեն հենց նրանցից, որոնք բարեփոխումներին ուղղված աջակցություն են ցուցաբերում։
«Մենք որոշեցինք ԵՄ գրասենյակ և ԱՄՆ դեսպանատուն նամակներ հանձնել, որտեղ տեղեկացնում ենք, թե ինչպիսի դրսևումներ ունեն իշխանությունների քաղաքական բռնաճնշումները և այս նամակներով հորդորում ենք աջակցություն տվող կառույցներին հետամուտ լինել, որ իրենց աջակցությամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի Հայաստանում»,-ասաց Ավետիսյանը։
Ըստ Ավետիսյանի՝ ապօրինի քրեական գործեր են հարուցում, ձերբակալում են, հետո իբրև քննություն են անում, գործն ամիսներով, տարիներով առկախված պահում, որպեսզի ցանկացած պահի, եթե ցանկանան, էլի ձերբակալեն։ «Սա որդեգրած գործելաոճ է՝ մեկ հոգու, 2 հոգու չի վերաբերում։ Վերջերս 9 հոգու ձերբակալել էին, որոնց թվում էի նաև ես»,-ասաց նա։