12/11/2024 12:39
«Մետրո» թատրոնն Իրանում արժանացել է գլխավոր մրցանակի. հանդիսատեսը պահանջում էր, որ երրորդ անգամ խաղայինք․ Սոնա Մարտիրոսյան
Իրանի Համադան քաղաքի երիտասարդական միջազգային թատերական փառատոնին «Մետրո» թատրոնն արժանացել է «Լավագույն ներկայացում» և «Լավագույն ռեժիսուրա» մրցանակներին։
Մենք Իրան մեկնել էինք ոչ այնքան հաղթանակի, որքան շփումների, նոր կապեր ստեղծելու, փորձի փոխանակման նպատակով, Իրանից քառասունից ավելի թատերախումբ էր մասնակցում փառատոնին, այլ երկրներից նույնպես կային խմբեր. գլխավոր մրցանակին արժանացանք մենք,- Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Մետրո» թատրոն ստուդիայի դասախոս, բեմադրիչ Սոնա Մարտիրոսյանը։
«Իրանում մեզ մեծ խանդավառությամբ ընդունեցին, «Տրավիատա կրկես» ներկայացումը մենք երկու անգամ խաղացինք, հանդիսատեսը պահանջում էր, որ երրորդ անգամ էլ խաղանք։ Ներկա էր նաև Իրանի մշակույթի փոխնախարարը, որը շնորհակալություն հայտնեց թատրոնին, խմբին ներկայացման ու խաղի համար։ Հայաստանում այս ներկայացումն արդեն հասցրել է շատ սիրվել, մեզ համար հուզիչ էր, որ ներկայացումը նույն գնահատանքին արժանացավ նաև Հայաստանից դուրս, ոգևորություն տասնապատկվում է, երբ օտարազգի հանդիսատեսի առջև խաղում ես հայերենով ու խաղն առավել քան տպավորում է»։
Սոնա Մարտիրոսյանն ընդգծում է՝ տպավորիչ էր իրանական հյուրընկալությունը. անգնահատելի աշխատանք տարավ նաև իրանահայ թատերական գործիչ, ռեժիսոր Ալբերտ Բեգիջանյանը, որի շնորհիվ նաև հնարավորություն ունեցանք բացահայտել մշակութային վայրերը։