12/11/2024 09:00
«Հրապարակ». ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինքնախարազանման» հայտնի նիստից հետո ՔՊ-ական որոշ շրջանակներ հույսները կտրել էին՝ կարծելով, թե Փաշինյանն ատամներով պահելու է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, չի պատժելու ԱԺ-ում անվայելուչ պահվածքի համար: Բանն այն է, որ նա թիմին հանդիմանել էր՝ բավական է իրար հետևից խոսեք, հանգիստ թողեք Քյարամյանին` 24/7 ռեժիմով նրա դեմ հարցազրույցներ մի տվեք։ Այսօր մեկնարկող ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ»:
Մեկով քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար կսահմանվի կարգապահական պատասխանատվության հատուկ մեխանիզմ, քանի որ նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատուկ կարգավորումներ սահմանված չեն եղել մեր օրենսդրությամբ: Երկրորդով ԱԺ-ն ուզում է օրենքով իրեն հաշվետու դարձնել ՔԿ, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին, այնպես, ինչպես հաշվետու են գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ՀՌՀ նախագահը և այլ պաշտոնյաներ։ Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և մի խումբ ՔՊ-ականներ։
Ի դեպ, հայտնի լսումներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում Քյարամյան-Աղազարյան միջադեպով նախաձեռնված վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև բախման պատճառ դարձած ՔՊ-ական պատգամավորի որդին և նրա ընկերության հաշվապահը։ Բայց «ստոպ» է տրված ՔՊ-ականների դեմ սկսված գործընթացին. մենք գրել էինք, որ լսումների օրը Քյարամյանի դեմ կոշտ ելույթներ ունեցած մի խումբ պատգամավորների հրավիրել են կուսակցության Վերահսկող հանձնաժողով: Խոսքը Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Արփի Դավոյանի մասին է: Երեկվա դրությամբ հանձնաժողովը դեռ կարգապահական վարույթներ չէր հարուցել նրանցից որևէ մեկի նկատմամբ և վարչությանը չէր փոխանցել»։