13/11/2024 15:26
Զորակոչը շարունակում է ՀՀ-ի մարտահրավերներից մեկը մնալ. զավակին հրաժարեցնում են քաղաքացիությունից, որ բանակում չծառայի. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)
2025 թվականի պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Գայթակղությունը մեծ է համեմատական տանել նախորդ տարիների պաշտպանական բյուջեների ու 2025 թվականի միջև, բայց ես հիմա այդ դաշտ չեմ մտնի, կխնդրեմ ցուցանիշներին ինքներդ հետևեք ու դատողություններ անեք»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել ու Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել «Բանակի կերպափոխման հայեցակարգ»-ը:
Հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից` անցում արհեստավարժ բանակի, այստեղ խոսք է գնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի մասին, Զինված ուժերի կազմակերպական ու հաստիքային կառուցվածքի բարելավում, որը ենթադրում է սպայական ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարելավման ծրագիր, և այլն:
Սուրեն Պապիկյանն ասաց, թե առանցքային է մնում ՀՀ զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը:
Պաշտպանության նախարարի խոսքով` պարտադիր ժամկետային զինծառայությունը շարունակելու է Հայաստանում գոյություն ունենալ, որը հանդիսանալու է ռեսուրս, որպեսզի համալրվեն պրոֆեսիոնալ բանակի շարքերը:
«Մեզ համար էական է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողները ստանան նորմալ բավարարում, բացարձակ սուտ է, որ աշխատավարձ չենք բարձրացնում, աշխատավարձը բարձրացվել է, ավելին ասեմ` ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար հավելավճարից մինչև 470 հազար դրամ հավելավճար»,- ասաց Պապիկյանը:
Նա նշեց՝ կարևոր է, որ ԶՈՒ-ի բաղկացուցիչ դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները` որպես պրոֆեսիոնալ զինվորներ:
Անդրադառնալով զորակոչին` Պաշտպանության նախարարն ասաց, որ զորակոչը շարունակում է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ:
«Մենք սրա մասին պետք է խոսենք բարձրաձայն: Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որ Զինված ուժերում չծառայի: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին: Ես դիմել եմ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով` պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր հարազատի, իր մերձավորների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ այս երևույթի հետ կապված կարող է ցավալի ցուցանիշներ բերել:
«Բայց մենք բարոյական հենքի վրա պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք ու այս վատ տենդենցի դեմը վերջապես առնենք: Այս երևույթը նոր չէ, չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա: