13/11/2024 13:25
Եթե իշխանությունը որոշեր Գյումրիում ճնշել, ապա մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ Գյումրիում տեղի ունենա արտահերթ ընտրություն․ լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Սակայն, ըստ նրա, կան որոշակի իրավական տարընթերցումներ և բախվել են իրավական կազուսի, չնայած՝ նշեց, որ կգտնեն հնարավոր լուծումներ։
Ըստ Ալեքսանյանի՝ Գյումրիում այս պահին կառավարման ճգնաժամ է։ «Քաղաքի վիճակը մեզ շատ է անհանգստացնում։ Խստորեն դատապարտելի է Բալասանյան դաշինքի այն վարքագիծը, որ քաղաքը մատնել են անտերության, որ քաղաքային աշխատողները աշխատավարձ չեն ստանում, քաղաքը քիչ է մնում՝ աղբի մեջ կորի»,-ասաց նա, սակայն նշեց, որ մարզպետն ամեն ինչ անում է, որ քաղաքը կոլապսում չհայտնվի։
Դիտարկմանը, թե արդյո՞ք դատապարտելի չէ նաև ՔՊ-ի վարքագիծը, քանի որ ՔՊ-ն էլ է հրաժարվել կոալիցիայից՝ Ալեքսանյանը պատասխանեց, որ իրենք մանդատները վայր չեն դրել, ուղղակի աշխատել են որպես ընդդիմադիր։
Ինչ վերաբերում է ճնշումներին՝ ասաց. «Եթե իշխանությունը որոշեր ճնշեր, ապա կճնշեր այնպես, որ այդ մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին»։
Նա նշեց, որ նույնիսկ Բալասանյան դաշինքից չեն ասում, որ իրենց ճնշում են։ Դիտարկմանը, որ ասել են՝ հակադարձեց. «Եթե ասող կա՝ ստում են ուղղակի, ուղղակի դրանով իրենք փորձել են վրեժ լուծել Գյումրիից»։
Ընտրությունների դեպքում, ասաց, որ ՔՊ ցուցակի առաջին համար տեսնում են տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահներին։