13/11/2024 12:54
«Բոլոր խոստումներն իրականացնելու ենք». Անահիտ Ավանեսյանը հիմա էլ վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին
2025 թվականի պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերը մեր երազանքների արտահայտումը չեն, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այն հեռու է մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, սակայն, ամեն տարի բացարձակ թվով ավելացվում են առողջապահական ծախսերը:
Անդրադառնալով Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը` նա վստահեցրեց, թե ապահովագրությունը ներդնելու են:
«Ես երեկ ևս մեկ անգամ ուշադիր կարդացի կառավարության ծրագիրը, նշված է, որ ընդհանուր ներդրման ժամկետը 2026 թվականն է, մենք մեր ժամկետների մեջ տեղավորվելու ենք։ Բոլոր խոստումներն իրականացնելու ենք»,- ասաց Ավանեսյանը:
Նշենք, որ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը:
Նշվել էր նաև, թե 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։
Առողջության համապարփակ ապահովագրությունը, սակայն, 2025 թվականին չի լինի. 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: