13/11/2024 11:06
«Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում»». կանգնե՛ք, այսպես շարունակել չի կարելի. Արմեն Ռուստամյանը` ՔՊ-ին (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը իշխանության հայտարարություններից հասկացել է` այն քաղաքացիները, որոնք իրենց տանը կունենան Արարատ լեռան նկարը, «պրոբլեմ են ունենալու», որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով:
«Եթե, օրինակ, արտասանեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ու հասնեն այն տողին, որ «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, որպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում», կասեն` ո՞նց թե քո Մասիս սարը, ո՞վ ասաց, որ Մասիս սարը քոնն է, իսկ եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա, որ «թուրքերի Մասիս սարն եմ սիրում», կլինի շատ ճիշտ»,- ԱԺ-ում հայտարարեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` եթե որևէ մեկը համարձակություն ունենա ու ասի, որ Ղազանչեցոցը, Ամարասը, Դադիվանքը հայկական եկեղեցիներ են ու ստեղծվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն անգամ չկար` «լուրջ պրոբլեմ» է ունենալու Ադրբեջանի հետ ու «իրական Հայաստան»-ի համար առաջացնելու է սպառնալիքներ:
«Եթե ես չափազանցնում եմ, թող քաղաքացիներն իրենց հարց տան կամ հարց ուղղեն կառավարությանը` «ես ՀՀ քաղաքացի եմ, ինչպե՞ս անեմ, որ օգտվեմ ձեր ծրագրերից, որովհետև դուք ասում եք, որ դրանք պետք է բխեն միայն իրական Հայաստանի քաղաքացու շահերից, խնդրում եմ հստակեցրեք` ես այս կատեգորիայի մեջ մտնո՞ւմ եմ, թե՞ չէ»: Կառավարությունը պետք հստակեցնի այն կոդեքսը, որը վերապահված է այն քաղաքացիներին, որոնք պատրաստվում են կառուցել իրական Հայաստանը: Սա այսքան զավեշտալի չէր լինի, եթե մենք չհասնեինք այն օրվան, որ մի բուռ ազգին պառակտող մտացածին գաղափարները ուր կարող են մեզ տանել, հասցնել: Կանգնե՛ք, այսպես շարունակել չի կարելի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք` Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն իրական Հայաստանի քաղաքացիների մասին է: