13/11/2024 18:22
Այն, ինչ կատարվել է Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության դրսևորում է. Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Էմմնա Պալյանը հայտարարեց, որ Գյուրիում կառավարման ճգնաժամի հետևանքով քաղաքապետարանի շատ աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պալյանը հետաքրքրվեց, թե կառավարությունն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ է և ե՞րբ կկարողանան 2000-ից ավելի քաղաքացիներ ստանալ իրենց աշխատավարձերը:
«Ամենայն հարգանքով յուրաքանչյուրի որոշում կայացնելու իրավունքի նկատմամբ ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ կատարվել է Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության դրսևորում է: Այսօր Գյումրիում չկա որևէ պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ ազատ, արդար ընտրություններով մանդատ են ստացել, սակայն իրենց քայլերով Գյումրիում ճգնաժամ են ստեղծել, մի հատ էլ կողքից շահարկումների են գնում, թե իշխանությունն է ինչ-որ բան արել, իշխանությունն է ճնշել: Իշխանությունը ո՛չ ճնշել է, ոչ էլ՝ ստիպել: Այդ մարդիկ ուղղակի որոշել են վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին: Հեռանալ կարելի է այնպես, որ ասենք՝ աղբահանության խնդիր չառաջանա»,-արձագանքեց Փաշինյանը:
Նա ավելացրեց՝ ճիշտ չեն պնդումները, որ իշխանության ճնշմամբ են վայր դրվել մանդատները.« Գուցե, փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել՝ ինչ-ինչ առավելություններ կամ արտոնություններ պահելու ուղղությամբ, բայց այդ շանտաժը չէր կարող անցնել: Հասկանո՞ւմ եք՝ այնտեղ ղեկավար չկա, որ աշխատավարձերի հարցը լուծվի, գրվի: Բայց ինչքան էլ բարդ է, ՏԿԵ նախարարն ասաց, որ լուծում կտրվի: Հույս ունեմ, որ օրերի ընթացքում կամ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում հարցը կլուծվի»։