13/11/2024 09:02
«Հրապարակ». Հայաստանը կողմ քվեարկելուց բացի, նաև համահեղինակ է եղել ՄԱԿ-ում ընդունված ՌԴ բանաձևին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևը։ Բանաձևի համահեղինակներից է նաև Հայաստանը։ Բանաձևի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան և այլն։ Հայաստանի այս դիրքորոշումն ուշագրավ է արտաքին վերջին զարգացումների համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմից հետո անշեղորեն առաջ էր տանում հակառուսական գիծը և միջազգային տարբեր կառույցներում քվեարկությունների ժամանակ դեմ կամ ձեռնպահ էր քվեարկում ռուսամետ բանաձևերին, այժմ ոչ միայն կողմ է քվեարկում, այլև համահեղինակում է: Փորձագետները կանխատեսում էին, որ Բայդենի վարչակարգի տապալումից և տարածաշրջանում ռուսական ազդեցության ընդլայնումից հետո Փաշինյանը «վերադառնալու» է Պուտինի գիրկը և առավել անհեթեթ իրավիճակներում է հայտնվելու, ինչպես այս դեպքում, երբ իր պետության մեջ անգամ նախկիններին ու ընդդիմությանը չի հանդուրժում, բայց համահեղինակում է խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ մի բանաձև»։