13/11/2024 11:23
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշ 21/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: