13/11/2024 17:23
«Եկել եմ որոշման՝ 2 տարվա սահմանափակումը չենք կիրառի». Փաշինյանը՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի մասին (Տեսանյութ)
«Ես եկել եմ որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի՝ համաձայն չլինելով դրա հետ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագծին, ըստ որի՝ սահմանված 8000-ի քվոտան սպառված է, և քաղաքացիները հունվարի 1-ից հետո պետք է մաքսազերծում իրականցնեն։
«Ինչո՞ւ այդ որոշումը կայացրի․ որովհետև կարծում եմ՝ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով պետք է որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ 2025-ի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ՝ 5000 մեքենայի քվոտա կտրվի քաղաքցիներին, 3000-ը՝ դիլերներին․ «Այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, ովքեր իրենց հետ բերում են նաև ծառայություններ, հետևաբար, մենք էլեկտրոմոբիլներ կունենանք, բայց սպասարկող ենթակառուցվածքը չենք ունենա»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ իրենք անընդհատ նույն ցիկլի մեջ են. «Որոշում ենք կայացվում, որը բավարար պետական և ինստիտուցիոնալ չի, արդյունքում կայացնում ենք հաջորդ որոշումը, որը էլի բավարար ինստիտուցիոնալ չի, հետո՝ երրորդը, չորորդը։ Կարծում եմ՝ մի իքս պահի պետք է այս աշխատաոճը դադարեցնել, այսպես պետություն չենք կառուցի»։